Սեպտեմբերի 27-ին Գլենդելի հանրային գրադարանում ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԸ կներկայացնի «Արտույտների ագարակը» եռապատումի երկրորդ գիրքը` «Զմյուռնիայի ճանապարհը»: «Արտույտների ագարակը» գրողի` թուրքական յաթաղանից մազապուրծ նախնիների մասին է: Երկրորդ գրքում ներկայացվում է փրկված հերոսների հետագա ճակատագիրը: Իտալիայում գիրքը լույս է տեսել 160 հազար տպաքանակով, վերահրատարակվել է 16 անգամ: Ի տարբերություն «Արտույտների ագարակը» վեպի, որը թարգմանված է 20 լեզուներով, «Զմյուռնիայի ճանապարհն» աշխարհում առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ («Զանգակ» հրատարակչություն, 2012):
«Արտույտների ագարակն» ու «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերը իտալերենից հայերեն է թարգմանել բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, ով, ի շարս բազմաթիվ գիտական հրապարակումների, հայ ընթերցողին հայտնի է «Հայերի Վենետիկը» գրքի հայացմամբ, որի համար արժանացել է «Տարվա լավագույն թարգմանիչ» մրցանակին: Սոնա Հարությունյանին է վստահված նաև Անտոնիա Արսլանի նոր` «Մշո գիրքը» վեպի թարգմանությունը:
Գլենդելյան հանդիպումը շարունակությունն է «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Երևանի «Գաֆէսճյան» կենտրոնում և «Զանգակ» գրատանը տեղի ունեցած «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի շնորհանդեսների` Անտոնիա Արսլանի և Սոնա Հարությունյանի մասնակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ